Publication image
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
JULY 13, 2020
Բիզնեսի սխալ կազմակերպումն ու կառավարումը հանգեցնում է տնտեսական գործունեության ցածր եկամտաբերության, իսկ երբեմն նաև վնասով աշխատանքի, որի արդյունքում կազմակերպությունները չեն կարողանում դիմագրավել տնտեսության զարգացման ներկա փուլում առաջացող մարտահրավերներին։ Իրադարձությունների նման զարգացումը պահանջում է այնպիսի միջամտություն, որը կարող է ապահովել տնտեսության կայուն կառավարումը։ Նման իրավիճակներում տնտեսության կառավարման կարևորագույն գործիքներից մեկը հանդիսանում է սնանկության գործընթացը։
Փորձենք պարզել Իրավաբանական անձանց սնանկության վարույթի առանձնահատկությունները:

Ի՞նչ է սնանկությունը

Ընդհանուր առմամբ սնանկությունը օրենքով նախատեսված և դատարանի վճռով վրա հասնող իրավական հետևանք է այն դեպքում, երբ պարտապանը ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները: Սնանկության հիմնական նպատակը՝ պարտապանին առողջացնելն է, որի իրագործման կարևորագույն պայմանն է պարտապանի և պարտատերերի իրավունքների և օրինական շահերի հավասարակշռված պաշտպանությունը։ Պարտապանի առողջացումն իրականացվում է վերջինիս համար որոշակի պայմաններ ստեղծելու և արդյունքում տնտեսական գործունեությունը խթանելու միջոցով, որի անհնարինության դեպքում սնանկության վարույթի առաջնային խնդիրն է անարդյունավետ և անկայուն գործունեություն ծավալող ձեռնարկությունների լուծարումը և վերջիններիս հեռացումը բիզնեսից՝ տնտեսության համար ոչ մեծ կորուստներով։
Սնանկությունը կարող է լինել հարկադրված, կամավոր, կանխատեսվող և կանխամտածված: Իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 2016 թվականին կատարված փոփոխություններով ներդրվել է սնանկության վտանգի ինստիտուտը, որի վերաբերյալ մանրամասն անդրադարձել ենք 03.06.2020 թվականի «Սնանկության վտանգը որպես ճգնաժամային իրավիճակում առաջացող մարտահրավերների հակազդող օգտակար միջոց» հրապարակմամբ։

Ո՞րոնք են սնանկության հատկանիշներն ու վարույթի հարուցման առանձնահատկությունները

Սնանկության վարույթը կարող է հարուցվել հարկադրված սնանկության դիմում կամ կամավոր (սեփական նախաձեռնությամբ) սնանկության դիմում ներկայացնելու միջոցով։

Հարկադրված սնանկության դիմում կարող է ներկայացվել մեկ կամ մի քանի պարտատերերի կողմից։ Հարկադրված սնանկության դիմումի հիման վրա Դատարանի վճռով պարտապանը կարող է սնանկ ճանաչվել ստորև ներկայացված հատկանիշների միաժամանկյա առկայության դեպքում․

1. Եթե առկա է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (1,000,000.00 ՀՀ դրամ) գերազանցող պարտավորություն,
2. Վճարային պարտավորությունը անվիճել է,
3. 1,000,000.00 ՀՀ դրամ գումարը գերազանցող վճարային պարտավորությունը կետանցվել է 60-օրյա կամ ավելի ժամկետով։ Ընդ որում՝ վճռի կայացման պահին նշված կետանցը պետք է շարունակվի։

Կամավոր սնանկության դիմում կարող է ներկայացվել պարտապանի կողմից։ Կամավոր սնանկության դիմումի հիման վրա Դատարանի վճռով պարտապանը կարող է սնանկ ճանաչվել ստորև ներկայացված հատկանիշների առկայության դեպքում․

1. Եթե հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատման արդյունքների հիման վրա իրավաբանական անձի պարտավորությունները 1,000,000.00 ՀՀ դրամ գումարի չափով գերազանցում են իր ակտիվների արժեքը,
2. Եթե հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատման արդյունքների հիման վրա իրավաբանական անձի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները (Հարկեր, պարտադիր վճարներ, տուրքեր կամ այլ նման պարտավորություններ) գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը:

Առանձին հիշատակման կարիք ունեն կանխատեսվող և կանխամտածված սնանկությունները։ Առաջին դեպքում պարտապանը իրավունք ունի դիմելու կանխատեսվող սնանկության այն դեպքում, երբ ակնհայտ է, որ ապագայում առաջանալու են կամավոր սնանկության հիմքերը, իսկ երկրորդ դեպքում՝ սնանկությունը համարվում է կանխամտածված, եթե այն վրա է հասնում իրավաբանական անձին վերահսկող անձանց (տնօրեն, մասնակից, բաժնետեր և այլն) մեղքով։ Նման արարքը քրեորեն պատժելի է համարվում, եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս: Բացի այդ՝ կանխամտածված սնանկության համար մեղավոր անձինք պարտատերերի առջև կրում են պատասխանատվություն իրենց գույքով, եթե պարտապանի (իրավաբանական անձի) գույքը չբավարարի պարտատերերի դեմ պարտավորությունները մարելու համար:

Ո՞րոնք են տնտեսության կայուն կառավարման համար իրավաբանական անձի սնանկության վարույթում կիրառվող միջամտությունները

Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից`
1. արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի,
2. դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը,
3. կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով,
4. կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի,
5. վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները:
Վերոգրյալից հետևում է, որ պետության կողմից անմիջական ներազդեցության միջոցով պարտապանի համար ստեղծվում են որոշակի պայմաններ ընկերության ֆինանսական առողջացման և կարգապահության բարձրացման համար, որի արդյունքում սնանկ ճանաչված ըկերության բոլոր պարտավորական հարաբերություններից բխող պարտատերերի պահանջները կենտրոնացվում են մեկ վարույթի շրջանակներում և վերջինիս հնարավորություն է ընձեռվում օրենքով սահմանված կարգով կատարելու պարտատերերի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Իսկ սնանկության վարույթի շրջանակներում պարտավորությունների կատարման կարևորագույն գործիքներից է առողջացման ծրագրի ներկայացումը, որով վերջինիս համար հնարավորություն է ընձեռվում ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու միջոցով իրականացնելու շահութաբերություն չապահովող գործունեության դադարեցումը և ձեռնարկատիրական գործունեության ոլորտի փոփոխություն, անշահավետ գործարքների փոփոխում կամ դադարեցում, պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում), նոր բաժնետոմսերի թողարկում կամ հետգնում, ինչպես նաև նոր ներդրումների և(կամ) վարկային միջոցների ներգրավում և այլն։
Սնանկ ճանաչված իրավաբանական անձի ֆինանսական առողջացումը հանդիսանում է շահավետ նաև վերջինիս առողջացման ծրագրի շրջանակներում ներդրում կատարած տնտեսվարողների համար, քանի որ պարտապանին ֆինանսավորում իրականացրած պարտատիրոջ պահանջները բավարարվում են առաջնահերթության կարգով, Օրինակ՝ պարտապանի սնանկության վարույթում ֆինանսավորում իրականացրած Բանկի, վարկային կազմակերպության կամ այլ ներդրողի պահանջը գերակա է մնացած բոլոր պարտատերերի պահանջներից, ինչն էլ տնտեսական առումով կարող է դիտվել շահավետ ֆինանսավորողի համար զուտ այն հիմնավորմամբ, որ վերջինիս պահանջի բավարարման առաջնահերթությունն ու գերակայությունը սահմանված է օրենքով և բավարարվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտապանի գործունեությունից ստացած զուտ շահույթից (զուտ եկամտից), եթե այլ բան նախատեսված չէ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով կամ ֆինանսավորողի և պարտատերերի գրավոր համաձայնությամբ:
Անհրաժետ է ընդգծել, որ ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն մեկ երրորդին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն մեկ երրորդին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն մեկ երրորդին տիրապետող անձինք: Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներկայացվի մինչև պարտատերերի առաջին ժողովը։
Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, եթե օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել: Ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետը դատարանի կողմից կարող է երկարաձգվել մինչև 12 ամիս ժամկետով, իսկ Ֆինանսական առողջացման ծրագրի ընդհանուր տևողությունը դատարանի կողմից դրա սկզբնական հաստատումից հետո չի կարող գերազանցել 72 ամիսը, իսկ սկզբնական հաստատվող ֆինանսական առողջացման ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 36 ամիսը։

Ի՞նչ հետևանք է վրա հասնում իրավաբանական անձի սնանկության վարույթում առղջացման անհնարինության դեպքում

իրավաբանական անձի կողմից ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու կամ ներկայացված առողջացման ծրագիրը չհաստատվելու, ինչպես նաև հաստատված առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարման դեպքում սկսվում է ընկերության լուծարային գործընթացը։
Պարտապան ընկերությանը լուծարելու մասին որոշման հրապարակումից հետո կառավարիչը օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը։ Պարտապանի գույքի վաճառքը իրականացվում է դատարանի որոշման հիման վրա՝ հրապարակային սակարկությունների կամ ուղղակի գործարքի միջոցով։ Դատարանի որոշման հիման վրա արգելադրվում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը, բացառությամբ այն գույքի, որի վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել: Դատարանի որոշմամբ կասեցվում են պարտապանի գույքը կառավարելու կամ տնօրինելու բոլոր իրավունքները։
Իրավաբանական անձին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության: Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:
Ընկերության լուծարման արդյունքում վեջինիս պատկանող և ի ապահովումն վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված գույքերի իրացման արդյուքնում հավաքագրված դրամական միջոցների բաշխման արդյունքում կատարվում են պարտատերերի հանդեպ ստանձնած պարտավորությունները։
Այսպիսով՝ սնանկության գործը կարող է ունենալ երկու զարգացում՝ իրավաբանական անձի լուծարում կամ ֆինանսապես առողջացում։ Ընդ որում սնանկ ճանաչված իրավաբանական անձը համարվում Է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը՝ սնանկության վարույթի շրջանակներում դատարանի կողմից հաստատված ֆինանսական առողջացման ծրագրի հաջող կատարման արդյունքում: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում՝ բացառությամբ օրենքով սահմանված որոշ դեպքերի:
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում էլ սնանկ ճանաչված իրավաբանական անձը չի ազատվում այն պարտավորությունների կատարումից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում, եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում։

Ի՞նչ անել
1. Հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա իրականացնել տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունների և ակտիվների հարաբերակցության, վերջինիս սնանկության հատկանիշների և կանխատեսումների գնահատում,
2. Իրավաբանների և ֆինանսական մասնագետներ ներգրավմամբ մշակել առողջացման ծրագիրն ու ռազմավարությունը,
3. Համապատասխան մասնագիտացում ունեցող իրավաբանի ղեկավարմամբ վարել տնտեսվարող սուբյեկտի սնանկության ի վարույթը և իրականացնել վերջինիս շահերի պաշտպանությունը։
Publication image
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԺԱՄԱՆԱԿ
JUNE 18, 2020
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) և դրա տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում գործատու-աշխատող հարաբերություններում ստեղծվել կամ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ աշխատողները գտնվում են պարապուրդի մեջ, ինչը բնականաբար առաջացնում է վերջիններիս իրավունքների և պարտականությունների համակարգման անհրաժեշտություն։
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը սահմանում է պարապուրդի ժամանակ գործատու-աշխատող հարաբերությունները, որոնց և առաջարկում ենք ծանոթանալ ստորև։

ի՞նչ է հարկադիր պարապուրդը, արդյո՞ք հարկադիր պարապուրդի ժամանակ գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել աշխատողին։
Պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողը չի իրականացնում կամ չի կարողողանում իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։ Նշվածից հետևում է, որ պարապուրդը կարող է դրսևորվել երկու ձևով՝ աշխատողի մեղքով և ոչ աշխատողի մեղքով (հարկադիր պարապուրդ)։ Ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը: Այսինքն՝ հարկադիր պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կարող իրականացնել իր կամքից անկախ, որոշակի հանգամանքներով պայմանավորված։
Ինչ վերաբարում է պարապուրդի ժամանակ գործատուի աշխատավարձ վճարելու պարտականությանը, ապա աշխատողի մեղքով կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատողը չի վարձատրվում, իսկ հարկադիր պարապուրդի մնացած դեպքերում օրենսդիրը սահմանել է աշխատանքային հարաբերությունների և վարձատրության հատուկ կարգ։ Այսպես՝ հարկադիր պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար գործատուն աշխատողին պարտավոր է վճարել մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով աշխատողը կարող է վարձատրվել այն դեպքում, երբ հարկադիր պարապուրդի ժամանակ իրեն չի առաջարկվում իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, իսկ իր համաձայնությամբ ժամանակավորապես իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող և առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում՝ յուրաքանչյուր ժամի համար աշխատողը պետք է վճարվի պարապուրդի ամսվան նախորդող իր ժամային դրույքաչափով:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ այն դեպքում, երբ հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը և որակավորմանը, և որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս:

Կարող է արդյո՞ք գործատուն աշխատողին պարապուրդի ժամանակ տեղափոխել այլ աշխատանքի։
Եթե առկա է աշխատողի գրավոր համաձայնությունը, ապա այո՛։ Մասնավորապես՝ պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին նրա գրավոր համաձայնությամբ փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ նա կարող է փոխադրվել նաև այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրա մասնագիտությունը և որակավորումը:
Բացի այդ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ 2020 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ է մտել «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-236-Ն օրենքը, որի արդյունքում Օրենսգրքի 106-րդ հոդվածով գործատուին իրավունք է վերապահվել նաև համաճարակով պայմանավորված անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի և\/կամ նույն ժամկետով փոփոխելու վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում), պաշտոնի անվանումը և\/կամ աշխատանքային գործառույթները, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ):

Գործատուի կողմից աշխատանքը ապահովելու դեպքում աշխատողի կողմից համաճարակի վտանգով պայմանավորված աշխատանքի չներկայանալու հետևանքը և գործատուի կողմից երկու երրորդի չափով աշխատողին վճարելու պարտականությունից ազատումը։
Այն դեպքում, երբ գործատուն ապահովում է աշխատողի աշխատանքը, սակայն վերջինս համաճարակի վտանգով պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, ապա նշված իրավիճակը չի կարող հանդիսանալ հարկադիր պարապուրդ, քանի որ աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարման անհնարինությունը չի առաջացել գործատուի մեղքով։ Տվյալ իրավիճակում առկա է աշխատանքից բացակայելու փաստը, որը կարող է գործատուի կողմից համարվել հարգելի, իսկ համաճարակի տարածման կանխարգելման և նման իրավիճակներից խուսափելու նպատակով աշխատանքային պարտականությունների կատարումն կարող է իրականացվել հեռավար կարգով։
Վերոգրյալից հետևում է, որ կապված աշատանքի բնույթից պարապուրդը բացառելու և աշխատանքային պայմանագրով կողմերի ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով աշխատանքային պայմանագրերում համապատասխան լրացում կատարելու միջոցով կարող են կարգավորվել աշխատանքային հարաբերությունները։

Արտակարգ դրության ժամանակ աշխատանքային հարաբերությունների և հեռավար կարգով աշխատանքը կազմակերպելու մասին իրավական կարգավորումների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ 18.05.2020 թվականի հրապարակման միջոցով:
Publication image
ՏՈՒԺԱՆՔԸ (ՏՈՒԳԱՆՔ, ՏՈՒՅԺ) ՈՐՊԵՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ
JUNE 9, 2020
Պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու նպատակով պայմանագրի կողմերը միմյանց նկատմամբ հաճախ սահմանում են դրանք չկատարելու որոշակի պատասխանատվության միջոցներ, որոնց առկայությունը միտված է կողմերին ստիպելու ձեռնարկել իրենց պարտավորությունների կատարմանն ուղղված պատշաճ գործողություններ։ Որպես պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք, ի թիվս ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման այլ միջոցների, առանձնահատուկ տարածում ունի տուժանքի (տուգանք, տույժ) կիրառումը։

Ի՞նչ է տուժանքը

Տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մաս)։ Վերոգրյալից հետևում է, որ պարտավորությունը չկատարելու կամ անպատճաշ կատարելու հետևանքով պարտատերը կարող է պարտապանին ներկայացնել տույժ վճարելու պահանջ։ Այսինքն՝ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու փաստը բավարար պայման է պարտապանին տույժ վճարելու պահանջ ներկայացնելու համար։ Ավելին՝ նման պահանջով հանդես գալու դեպքում պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով իրեն հասցվել է վնաս։
Անդրադառնալով տուժանք, տույժ և տուգանք հասկացություններին՝ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ օրենսդրությամբ դրանց միջև որևէ հստակ տարանջատում սահմանված չէ, իսկ հիմնական տարբերությունը կայանում է դրանց գործնական կիրառության մեջ, մասնավորապես՝
1. Տուժանքը և տուգանքը կիրառվում են պարտավորության չկատարման կամ անպատշաճ կատարման դեպում՝ որոշակի տոկոսադրույքի կամ ֆիքսված գումարի չափով փոխհատուցում ստանալու ձևով։ Օրինակ՝ ապրանքը չմատակարարելու դեպքում ապրանքի գնի 10%-ի չափով հատուցում ստանալու կամ գույքը չհանձնելու դեպքում 200,000 ՀՀ դրամ գումար չափով հատուցում ստանալու ձևով։
2. Տույժը կիրառվում է որոշակի ժամկետի վրա հասնելուց հետո պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում յուրաքանչյուր կետանցված օրվա համար որոշակի տոկոսադրույք հաշվարկելու ձևով։ Օրինակ՝ վարկային պայմանագրով հերթական մարումը չկատարելու դեպքում յուրաքանչյուր կետանցված օրվա համար օրական 0,13%-ի չափով տույժ հաշվարկելու միջոցով։

Տուժանքի առավելագույն չափը

Տուժանքի առավելագույն չափը սահմանվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 17.12.2017 թվականին ընդունված ՀՕ-319-Ն օրենքով: Մասնավորապես պայմանագրի կողմերի համար սահմանվեց կնքվող պայմանագրերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված տուժանքի առավելագույն սահմանաչափերը նախատեսելու պահանջ։ Այսպես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առ ոչինչ է: Սույն հոդվածով սահմանված տուժանքի առավելագույն չափը պարզելու համար անհրաժեշտ է պարզաբանել «ՀՀ կենտրոնական բանկի տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկ» և «տուժանքի տարեկան առավելագույն չափ» հասկացությունները։ Այսպիսով՝
1. ՀՀ կենտրոնական բանկի տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը հաշվարկելու համար անհրաժեշտ է պարզել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափը, որը կազմում է 12%, ուստի քառապատիկը կազմում է 48% (12X4=48)։
2. Տուժանքի տարեկան առավելագույն չափը բացահայտելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կենտրոնական բանկի տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, այն է՝ 48-ը, բաժանել տարվա օրերի (365 կամ 366) ընդհանուր քանակի վրա, որի արդյունքում ստացվում է, որ տուժանքի օրական չափը չի կարող գերազանցել գերազանցել 0,13%-ի սահմանաչափը։12X4=48÷365=0,13%

Ինչ վերաբերում է օրենսդրի այն պահանջին, որ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը, ապա հարկ է արձանագրել, որ թե տուժանքի, թե տուգանքի և թե տույժի կիրառման (այդ թվում միաժամանակյա կիրառման դեպքում) դեպքում հարկավոր է վերոնշյալ բանաձևը կիրառելիս հաշվի առնել պարտապանի պարտավորության չափը և ձեռնպահ մնալ պարտավորության հիմնական գումարի առավելագույն սահմանաչափը գերազանցելուց, քանի որ թույլատրելի առավելագույն սահմանաչափի խախտումը հանգեցնելու է տուժանքի վերաբերյալ համաձայնության առոչնչության, ինչն էլ հիմք է հանդիսանալու պարտապանի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքի 1093-րդ հոդվածով սահմանված անհիմն հարստացման դրույթների կիրառմամբ դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը՝ պարտատիրոջը վճարված տույժերը ետ վերադարձնելու պահանջով։
Վերոգրյալից հետևում է, որ որ տուժանքը հանդիսանում է պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսում է գույքային անբարենպաստ հետևանքներ՝ դրամական պատասխանատվություն։
Publication image
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ ՈՐՊԵՍ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՕԳՏԱԿԱՐ ՄԻՋՈՑ
JUNE 3, 2020
Քանի դեռ միջազգային կառույցներն ու կառավարությունները գտնվում են տնտեսական ճգնաժամի կանխման և ճգնաժամից առաջացող վնասների վերացմանն ուղղված արդյունավետ գործիքակազմի փնտրտուքի և դրանց ներդրման գործընթացի մեջ՝ տնտեսվարող սուբյեկտների համար առաջանում է սնանկության վտանագը։ COVID 19 համաճարակի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը առաջացրել է ընդհանուր տնտեսական ակտիվության անկում, որն էլ հանգեցնելու է ընդհանուր ֆինանսական վիճակի վատթարացմանը, ինչի արդյունքում էլ կսկսվեն համատարած սնանկությունները։ Ուստի անհրաժեշտ է արձանագրել, որ ֆինանսական առողջացման և կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումները հանդիսանում են տնտեսության կայունության ապահովման առաջնահերթ խնդիրներից, իսկ սնանկության գործընթացի կարգավորումը՝ տնտեսության կառավարման կարևորագույն գործիքներից մեկը։
Իրադարձությունների նման զարգացումը պահանջում է այնպիսի միջամտություն, որը կարող է կանխել տնտեսվարողի նկատմամբ պահանջների համատարած ներկայացումը (ֆինանսական սթրեսը) և վերջինիս հնարավորություն ընձեռի նոր մեկնարկի (Fresh Start-ի) համար, այսինքն՝ առևտրային հարաբերությունների զարգացմանը համընթաց որոշակի փուլեր անցնելով առողջանալու և շարունակելու իր ձեռնարկատիրական գործունեությունը որպես տնտեսության առողջ բջիջ։
Տնտեսվարողի համար առաջացած ֆինանսական սթրեսի վերացման և վերջինիս համար նոր մեկնարկ ապահովող գործուն միջամտությունը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 2016 թվականին կատարված փոփոխություններով, որի արդյունքում ներդրվել է սնանկության վտանգի ինստիտուտը, որն էլ իր մեջ պարունակում է Ֆինանսական սթրեսի վերացման և նոր մեկնարկի գործիքակազմը։ Այսպիսով՝ ստորև փորձենք պարզել սնանկության վտանգի վարույթի առանձնահատկություններն ու առավելությունները․

Ի՞նչ է սնանկության վտանգը

Սնանկության վտանգը հանդիսանում է սնանկության վարույթի տեսակներից մեկը։ Սնանկության վտանգի իրավահարաբերությունները կարգավորվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով։ Սնանկության վտանգի վարույթը թույլ է տալիս տնտեսվարողի կողմից զսպելու իր կողմից կանխատեսվող ֆինանսական սթրեսը, այսինքն վերջինիս համար հնարավորություն է ընձեռվում ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու միջոցով իրականացնելու շահութաբերություն չապահովող գործունեության դադարեցումը և ձեռնարկատիրական գործունեության ոլորտի փոփոխություն, անշահավետ գործարքների փոփոխում կամ դադարեցում, պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում), նոր բաժնետոմսերի թողարկում կամ հետգնում, ինչպես նաև նոր ներդրումների և\/կամ վարկային միջոցների ներգրավում և այլն։
Հատկանշական է, որ սնանկության վտանգի վարույթ հարուցելու համար անհրաժեշտ չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սնանկության հատկանիշների առկայությունը, այլ անհրաժեշտ է ընկերության կողմից հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ կանխատեսել ապագայում սնանկ ճանաչվելու իրական վտանգը, որի բացառման նպատակով պարտապանի կողմից կարող է ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացմամբ հարուցվել սնանկության վտանգի վարույթը։

Ո՞րոնք են սնանկության վտանգի հատկանիշներն ու վարույթի հարուցման առանձնահատկությունները

Սնանկության վտանգի վարույթի հարուցման համար անհրաժեշտ է ստորև ներկայացված հատկանիշների միաժամանկյա առկայությունը․
1. հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ ակնհայտ է, որ պարտապանի ակտիվների արժեքը նվազ է վերջինիս պասիվների արժեքից օրենքով սահմանված նվազագույն աշտավարձի հազարապատիկից (1,000,000 ՀՀ դրամ) ավել գումարի չափով,
2. հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ ակնհայտ է, որ պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները (Օրինակ՝ վարչական մարմնի կողմից կիրառված տույժը) գերազանցելու են պարտապանի ակտիվների արժեքը։

Ընկերության կողմից Հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ վերոնշյալ հատկանիշների միաժամանակյա կանխատեսման դեպքում Ընկերությունը․
1. Սնանկության վտանգի դիմում է ներկայացնում ՀՀ սնանկության դատարան, դրան կցելով ֆինանսական առողջացման ծրագիրը,
3. Սնանկության վտանգի դիմում կարող է ներկայացնել միայն պարտապան Ընկերությունը,
4. Սնանկության վտանգի դիմումով Ընկերությունը կարող է ներկայացնել նաև սնանկության կառավրչի թեկնածություն, իսկ սնանկության կառավրչի թեկնծություն ներկայացված չլինելու կամ ներկայացված թեկնածուն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ՀՀ սնանկության դատարանը սնանկության գործով կառավարիչ նշանակելու թեկնածու առաջադրելու պահանջագիր է ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարություն,
5. Սնանկության վտանգի դիմումը դատարանը ընդունում է վարույթ դիմումը ներկայացնելու օրը, եթե չկան դիմումի ընդունումը մերժելու կամ դիմումը վերադարձնելու հիմքեր և մեկամսյա ժամկետում հրավիրում է դատական նիստ,
5. Դատական նիստի ընթացքում քննվում է ներկայացված ֆինանսական առողջացման ծրագրիրը, դրանում առկա տեղեկությունների արժանահավատության և դրա կատարման հավանականությունների վերաբերյալ հանգամանքները,
6. Ֆինանսական առողջացման ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 36 ամիսը, որը կարող է երկարաձգվել գործող օրենսդրությամբ սահմանված հիմքով և կարգով,
7. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի հսկողության ներքո, իսկ պարտապանի կառավարման մարմինների` պարտապանի գույքը կառավարելու և տնօրինելու իրավազորությունները կասեցվում են ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետով,
8. Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի համաձայնության։

Ո՞րոնք են սնանկության վտանգի վարույթի հիմնական առավելությունները
1. Սնանկության վտանգի վարույթը հնարավորություն է տալիս խուսափելու տնտեսվարողի սնանկությունից և վերջինիս լուծարումից,
2. Սնանկության վտանգի վարույթը հանդիսանում է ճկուն և անվտանգ վարույթ, քանի որ առողջացման ծրագրի վաղաժամ դադարեցմամբ, ի տարբերություն սնանկության վարույթի, չի հանգեցնում պարտապանի լուծարմանը,
3. Սնանկության վտանգի վարույթը հնարավորություն է տալիս հաղթահարելու ֆինանսական սթրեսը և հիմք է հանդիսանում ընկերության գործունեության նոր շնչով մեկնարկի համար,
4. Սնանկության վտանգի վարույթի դիմումը բավարարվելու և վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են դրամական պարտավորությունների և վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը,
5. Պարտապանին ֆինանսավորում իրականացրած Պարտատիրոջ պահանջները բավարարվում են առաջնահերթության կարգով, Օրինակ՝ պարտապանի սնանկության վտանգի վարույթում ֆինանսավորում իրականացրած Բանկի, վարկային կազմակերպության կամ այլ ներդրողի պահանջը գերակա է մնցած բոլոր պարտատերերի պահանջներից, ինչն էլ տնտեսական առումով կարող է դիտվել շահավետ ֆինանսավորողի համար զուտ այն հիմնավորմամբ, որ վերջինիս պահանջի բավարարման առաջնահերությունն ու գերակայությունը սահմանված է օրենքով։

Ի՞նչ անել
1. Հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա իրականացնել տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունների և ակտիվների հարաբերակցության, վերջինիս սնանկության հատկանիշների և կանխատեսումների գնահատում,
2. Իրավաբանների և ֆինանսական մասնագետներ ներգրավմամբ մշակել առողջացման ծրագիրն ու ռազմավարությունը,
3. Համապատասխան մասնագիտացում ունեցող իրավաբանի ղեկավարմամբ վարել տնտեսվարող սուբյեկտի սնանկության վտանգի վարույթը և իրականացնել վերջինիս շահերի պաշտպանությունը։
Publication image
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)
MAY 25, 2020
Ինչպես հայտնի է Հայաստանի Հանրապետության կառավարության 16 մարտի 2020 թվականի N 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ COVID-19 համաճարակի տարածման կանխարգելման և բնակչության անվտանգության ապահովման նպատակով Պարետի 31 մարտի 2020 թվականի N 27 որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և որոշ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ, որի արդյունքում պարտավորական իրավահարաբերության կողմերի համար առաջացել կամ կարող են առաջանալ պայմանագրային պարտավորությունների կատարման կետանցներ կամ անհնարինություններ։ Վերոգրյալի արդյունքում պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը կրում է պատասխանատվություն, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով։

Ի՞նչ է արտակարգ դրությունը

Արտակարգ դրությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է, որը սահմանվում է պետության ամբողջ տարածքում կամ առանձին հատվածներում ներքին և արտաքին վտանգներից պաշտպանվելու, ինչպես նաև երկրի սահմանադրական ու հասարակական կարգը պահպանելու նպատակով։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` (…) արտակարգ իրավիճակները, իսկ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արտակարգ իրավիճակ է համարվում նաև համաճարակը։ Արտակարգ դրության ռեժիմն ենթադրում է քաղաքացիների, իրավաբանական անձանց ազատությունների և իրավունքների սահմանափակում, ինչպես նաև նրանց համար լրացուցիչ պարտականությունների սահմանում, որը կարող է հանգեցնել պայմանագրային պարտավորությունների կատարման անհնարինության։

Ի՞նչ է անհաղթահարելի ուժը (ֆորս մաժոր)

Անհաղթահարելի ուժը (ֆորս մաժորը)՝ օբյեկտիվ իրականությունում արտակարգ և անկանխելի այն գերագույն ուժն է, որը անհնարին է դարձնում պայմանագրային պարտավորությունների կատարումը։ Անհաղթահարելի ուժը հանդիսանում է պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած պատասխանատվությունից ազատելու հիմք։ Այլ կերպ ասած պարտապանը պարտավորությունը չկատարելու և\/կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, իսկ պարտավորության չկատարման կամ անպատշաճ կատարման հետևանքով առաջացած պատասխանատվությունից վերջինս ազատվում է բացառապես այն դեպքում, երբ ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները: Վերոգրյալից հետևում է, որ քաղաքացիական իրավունքում, ընդհանուր առմամբ, պարտավորական իրավահարաբերություններում պարտապանին պատասխանատվությունից ազատելու հիմք է կատարման անհնարինությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք նորմեր սահմանում են «անհաղթահարելի ուժ» եզրույթը, սակայն, վերջինիս մեկնաբանությունը ըստ էության ներկայացված չէ օրենսդրի կողմից։ Ուստի հարկ է արձանագրել, որ «անհաղթահարելի ուժ» հասկացությունը չունի համընդհանար ճանաչում ստացած սահմանում, սակայն վերջինս յուրաքանչյուր դեպքում ենթակա է դիտարկման և գնահատման կոնկրետ պարտավորության բնույթի և կատարման պայմանների շրջանակում։ Այսպես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք նախադեպային որոշումներով անդրադառձել է «անհաղթահարելի ուժ» եզրույթին և արձանագրել, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ենթակա չէ պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով: Այդ կանոնը կիրառելի չէ, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսվել է նույնիսկ անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձի պատասխանատվություն կրելու հանգամանքը (տե՛ս, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Լանդրաս» ՍՊԸ-ի թիվ ԵՔԴ\/0595\/04\/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումը ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդրի կողմից նման տարբերակված մոտեցում դրսևորելը արդարացված է, քանի որ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով և հետևաբար ենթադրվում է, որ նման դեպքերում բացասական հետևանքների համար պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի հենց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը: Այսինքն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք` որպես գույքային հարաբերություններում սեփական ռիսկով գործող, գործարարության համապատասխան ոլորտում մասնագիտացված սուբյեկտներ, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում անկախ մեղքի առկայությունից (տե՛ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընդդեմ «Վլադ Հակոբյանի անվան Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ի թիվ ԵէԴ\/0888\/02\/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալից հետևում է, որ ստեղծված իրավիճակը ֆորս-մաժոր համարվելու համար պետք է լինի և՛ արտակարգ, և՛ անհաղթահարելի (անկանխելի): Դրանցից որևէ մեկի բացակայության դեպքում երևույթն անհաղթահարելի ուժ համարվել չի կարող, ուստի Ֆորս մաժորը սովորաբար ներառում է այնպիսի իրադարձություններ, որոնք կողմը ողջամտորեն չէր կարող կանխատեսել կամ կանխարգելել: Հարկ է արձանագրել, որ իրավիճակը արտակարգ և անհաղթահարելի (անկանխելի) կարող է համարվել, ինչպես բնական երևույթների, օրինակ՝ երկրաշարժի, փոթորկի, ցունամիի, այնպեսլ էլ՝ հասարակական երևույթների, օրինակ՝ պատերազմի, համաճարակի, գործադուլի և այլնի դեպքում։ Տվյալ դեպքում COVID-19 համաճարակի տարածման կանխարգելման և բնակչության անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 16 մարտի 2020 թվականի N 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով կիրառվել են նաև որոշ իրավունքների և ազատությունների սահմափափակումներ, ինչպիսիք են օրինակ՝ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումը, որի արդյունքում պայմանագրային հարաբերությունում գտնվող անձանց համար առաջացել կամ կարող է առաջանալ իրենց կամքից անկախ հանգամանքներում պարտավորության կատարման անհնարինություն, որը յուրաքանչյուր դեպքում ենթակա է առանձին դիտարկման և գնահատման։

Ի՞նչ անել
1. Ուսումնասիրել պայմանագրում առկա անհաղթահարելի ուժի հետ կապված դրույթը և պարզել դրանում համաճարակի կամ արտակարգ դրության վերաբերյալ սահմանման առկայությունը,
2. Արձանագրել, որ պայմանագիրը կնքվել է մինչև համաճարակի տարածումը և\/կամ արտակարգ դրություն հայտարարելը և արդյո՞ք պետական մարմինների և պաշտոնատար անձանց որոշումները սահմանափակել են վերջիններիս կողմից պարտավորության պատշաճ կատարման հնարավորությունը,
3. Պարզել, թե արդյո՞ք արտակարգ դրություն հայտարարելուց հետո անձը զրկված է եղել պարտավորության պատշաճ կատարումից,
4. Դիմել իրավաբանական խորհրդատվության։
Publication image
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
MAY 18, 2020
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և դրա տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 16 մարտի 2020 թվականի N 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն։ COVID-19-ի տարածման կանխարգելման և բնակչության անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հորդորում է դուրս չգալ և հնարավորության դեպքում աշխատել տանից, իսկ Պարետի 31 մարտի 2020 թվականի N 27 որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և որոշ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ, որի արդյունքում գործատու և աշխատող հարաբերություններում առաջանում է իրավակարգավորման անհրաժեշտություն։ Ստեղծված իրավիճակում տնտեսական գործունեության որոշ տեսակների բնականոն գործունեությունը չդադարեցնելու և աշխատակիցների հարկադիր պարապուրդը բացառելու նպատակով (ինչը բխում է թե՛ գործատուի և թե՛ աշխատողի շահերից) վերջիններս իրենց աշխատանքային պարտականությունները իրականացնում են հեռավար կարգով, իրենց մեկուսացման վայրերից, որի արդյունքում առաջանում է նաև աշխատանքային պայմանագրերում կատարելու որոշակի փոփոխություններ և լրացումներ՝ գործատու-աշխատակից հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Ինչպես հայտնի է աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները: Իսկ աշխատանքային օրենսդրությանը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է աշխատողների և գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի միջոցով:
Այսպիսով՝ մինչև 2020 թվականի մայիսի 8-ը աշխատանքային պարտականությունները աշխատավայրից դուրս` տանից իրականացնելու աշխատանքային հարաբերությունները կանոնակարգվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով, որի համաձայն կարգավորվում են տնաշխատների հետ աշխատանքային հարաբերությունները։ Նշված հոդվածի համաձայն՝ տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր և իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով:
COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքային հարաբերությունները համակարգելու նպատակով՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ 2020 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ է մտել «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-236-Ն օրենքը, որի արդյունքում Օրենսգրքի 106-րդ հոդվածով գործատուին իրավունք է վերապահվել նաև համաճարակով պայմանավորված անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի և\/կամ նույն ժամկետով փոփոխելու վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում), պաշտոնի անվանումը և\/կամ աշխատանքային գործառույթները, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ): Իսկ Օրենսգրքում նոր բովանդակությամբ լրացված 106.1-րդ հոդվածով սահմանվել է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը և կանոնակարգվել են հեռավար եղանակով իրականացվող աշխատանքային հարաբերությունները։ Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 106.1-րդ հոդվածի համաձայն՝
Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ դեպքերով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հեռավար եղանակով աշխատանքի իրականացումը սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները, այդ թվում՝ հեռավար եղանակով, ապա չօգտագործված ամենամյա արձակուրդ ունենալու պարագայում աշխատողի պահանջով գործատուն աշխատողին տրամադրում է ամենամյա արձակուրդ:
Վերոգրյալից հետևում է, որ COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում հարկադիր պարապուրդը բացառելու և աշխատանքային պայմանագրով կողմերի ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով անհրաժեշտ է կարգավորել աշխատանքային հարաբերությունները, որի հնարավորությունը տալիս է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը։
Ի՞նչ անել
1. Հաշվառել հեռավար աշխատող աշխատակիցների ցանկը,
2. Կախված աշխատակիցների աշխատանքային պարտականություններից՝ ձևակերպել աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու համաձայնագիր, որը պարունակում է նշված իրավահարաբերությունը կարգավորող հիմնական դրույթները,
3. Հեռավար աշխատող աշխատակիցների հետ կնքել աշխատանքային պայմանգրերի լրացուցիչ և անբաժանելի մասը կազմող համաձայնագրեր, որոնցով ուղղակիորեն կկարգավորվեն գործատու-աշխատակից հարաբերությունները,
4. Անհատական իրավական ակտի հիման վրա սահմանել աշխատանքի պայմանների ժամանակավոր փոփոխումը։
Publication image
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
MARCH 23, 2020
Ի թիվս պետական կառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման պարտականությունը դրված է նաև կազմակերպությունների վրա։ Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելիս Կազմակերպությունները ունեն օրենքով սահմանված իրավունքներ և պարտականություններ, որոնք սահմանված են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով, մասնավորապես․

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն իրավունք ունեն`

1. պետական մարմիններից ստանալ տեղեկություններ սանիտարահամաճարակային իրադրության շրջակա միջավայրի, բնակչության առողջական վիճակի և սանիտարական կանոնների մասին,
2. մասնակցել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական մարմինների որոշումների և ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են`

1. կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները և արտադրական վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ,
2. մշակել ու իրականացնել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ շրջակա միջավայրի աղտոտման վերացման և կանխման, բնակչության աշխատանքի, կենցաղի, կրթության և հանգստի պայմանների բարելավման, ինչպես նաև հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման ուղղությամբ,
3. տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը, ինչպես նաև տեղական իշխանություններին վթարային իրավիճակների, արտադրության տեխնոլոգիական այն պրոցեսների մասին, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են սանիտարական կանոնների խախտման,
4. կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց որոշումները և կարգադրությունները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը խախտող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կամ դրանց առանձին կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կասեցման վերաբերյալ որոշումները,
5. կազմակերպել իրենց աշխատողների սանիտարական կուլտուրայի բարձրացմանը նպաստող հիգիենիկ ուսուցում և դաստիարակություն:
Publication image
#KeepTheDistance #DisbrandChallenge
MARCH 21, 2020
Կարևորելով #Կորոնավիրուս-ի ընթացքում սոցիալական հեռավորություն պահպանելու հրահանգը՝ «LawTech»-ը նույնպես միանում է #DisbrandChallenge-ին, որին մասնակցում են ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանում գործող բազմաթիվ կազմակերպություններ։
Կոչ ենք անում առօրյա շփումներում պահպանել սոցիալական հեռավորությունը՝ 1.5-2 մետր, և խոչընդոտել վիրուսի տարածմանը։
Մի մոռացեք անվտանգ հեռավորություն ապահովելու մասին և շփվե՛ք առցանց:
#KeepTheDistance #DisbrandChallenge
Publication image
Վճարումը պարապուրդի ժամանակ
MARCH 14, 2020
Կորոնավիրուսով պայմանավորված՝ մինչև 2020 թվականի մարտի 23-ը դադարեցվել են կրթական հաստատությունների աշխատանքները, որի արդյունքում նշված հաստատությունների աշխատակիցները իրենց կամքից անկախ, ոչ իրենց մեղքով, գտնվում են պարապուրդում։

Կարևորելով անձանց աշխատանքային իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկացված լինելը, ինչպես նաև հաշվի առնելով մեր հետևորդների բազում հարցադրումներն պարապուրդի ժամանակահատվածում վարձատրություն ստանալու վերաբերյալ` հայտնում ենք, որ նշված իրավահարաբերությունը կարգավորված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։ Մասնավորապես․

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի համաձայն՝
1. Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
2. Եթե ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում աշխատողն իր համաձայնությամբ ժամանակավորապես փոխադրվում է ավելի ցածր աշխատավարձով, սակայն իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող և առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխատանքի, ապա յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարվում է պարապուրդի ամսվան նախորդող նրա ժամային դրույքաչափով:
3. Եթե աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը և որակավորմանը, և որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս:
4. Պարապուրդի ժամանակ գործատուի պահանջով աշխատավայրում գտնվելու համար աշխատողին վճարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափով աշխատավարձ:
5. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ աշխատողը կարող է պարապուրդի ժամանակ ընդհանրապես չներկայանալ աշխատանքի:
6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:

Կարևորելով բոլորի առողջությունը և անվտանգությունը՝ հորդորում ենք հետևել կանխարգելիչ միջոցառումների պահպանմանը, որոնք կօգնեն մնալ առողջ և հոգ տանել մեր սիրելիների մասին։

Առողջ եղեք։
Սիրով՝ «LawTech»։