Մենք առաջարկում ենք ճկուն և արդյունավետ լուծումներ Ձեր իրավական մարտահրավերներին



ՁԵՐ ԿԱՊԸ ՁԵՐ ԳՈՐԾԻ ՀԵՏ
Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ իրավաբանական աջակցություն, այլև բարձրակարգ, անհատականացված ծառայությունների համալիր փաթեթ
3 ԲԱՆ ՈՐ ԴՈՒՔ ԿՍՏԱՆԱՔ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ
1
Արագ արձագանք Ձեր զանգերին և էլեկտրոնային նամակներին
2
Թարմ տեղեկատվություն Ձեր գործի զարգացումների վերաբերյալ
3
Գործի արագ և արդյունավետ լուծում
ՍԿՍԵՔ ՁԵՐ ԱՆՎՃԱՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Առօրյա իրավական խնդիրների լուծումը բավականին սթրեսային և ժամանակատար գործընթաց է, իսկ դրանց արդյունավետ լուծման երաշխավորված ռազմավարությունը՝ հատուկ մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումն է։ Մեր փորձը և գիտելիքները կապահովեն Ձեր առօրյա իրավական գործընթացների արդյունավետ և կանոնակարգված լուծումները:
ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ
JULY 13, 2020
Publication image
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Բիզնեսի սխալ կազմակերպումն ու կառավարումը հանգեցնում է տնտեսական գործունեության ցածր եկամտաբերության, իսկ երբեմն նաև վնասով աշխատանքի, որի արդյունքում կազմակերպությունները չեն կարողանում դիմագրավել տնտեսության զարգացման ներկա փուլում առաջացող մարտահրավերներին։ Իրադարձությունների նման զարգացումը պահանջում է այնպիսի միջամտություն, որը կարող է ապահովել տնտեսության կայուն կառավարումը։ Նման իրավիճակներում տնտեսության կառավարման կարևորագույն գործիքներից մեկը հանդիսանում է սնանկության գործընթացը։*Փորձենք պարզել Իրավաբանական անձանց սնանկության վարույթի առանձնահատկությունները:**Ի՞նչ է սնանկությունը**Ընդհանուր առմամբ սնանկությունը օրենքով նախատեսված և դատարանի վճռով վրա հասնող իրավական հետևանք է այն դեպքում, երբ պարտապանը ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները: Սնանկության հիմնական նպատակը՝ պարտապանին առողջացնելն է, որի իրագործման կարևորագույն պայմանն է պարտապանի և պարտատերերի իրավունքների և օրինական շահերի հավասարակշռված պաշտպանությունը։ Պարտապանի առողջացումն իրականացվում է վերջինիս համար որոշակի պայմաններ ստեղծելու և արդյունքում տնտեսական գործունեությունը խթանելու միջոցով, որի անհնարինության դեպքում սնանկության վարույթի առաջնային խնդիրն է անարդյունավետ և անկայուն գործունեություն ծավալող ձեռնարկությունների լուծարումը և վերջիններիս հեռացումը բիզնեսից՝ տնտեսության համար ոչ մեծ կորուստներով։*Սնանկությունը կարող է լինել հարկադրված, կամավոր, կանխատեսվող և կանխամտածված: Իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 2016 թվականին կատարված փոփոխություններով ներդրվել է սնանկության վտանգի ինստիտուտը, որի վերաբերյալ մանրամասն անդրադարձել ենք 03.06.2020 թվականի «Սնանկության վտանգը որպես ճգնաժամային իրավիճակում առաջացող մարտահրավերների հակազդող օգտակար միջոց» հրապարակմամբ։**Ո՞րոնք են սնանկության հատկանիշներն ու վարույթի հարուցման առանձնահատկությունները**Սնանկության վարույթը կարող է հարուցվել հարկադրված սնանկության դիմում կամ կամավոր (սեփական նախաձեռնությամբ) սնանկության դիմում ներկայացնելու միջոցով։ **Հարկադրված սնանկության դիմում կարող է ներկայացվել մեկ կամ մի քանի պարտատերերի կողմից։ Հարկադրված սնանկության դիմումի հիման վրա Դատարանի վճռով պարտապանը կարող է սնանկ ճանաչվել ստորև ներկայացված հատկանիշների միաժամանկյա առկայության դեպքում․** 1. Եթե առկա է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (1,000,000.00 ՀՀ դրամ) գերազանցող պարտավորություն,*2. Վճարային պարտավորությունը անվիճել է,*3. 1,000,000.00 ՀՀ դրամ գումարը գերազանցող վճարային պարտավորությունը կետանցվել է 60-օրյա կամ ավելի ժամկետով։ Ընդ որում՝ վճռի կայացման պահին նշված կետանցը պետք է շարունակվի։**Կամավոր սնանկության դիմում կարող է ներկայացվել պարտապանի կողմից։ Կամավոր սնանկության դիմումի հիման վրա Դատարանի վճռով պարտապանը կարող է սնանկ ճանաչվել ստորև ներկայացված հատկանիշների առկայության դեպքում․**1. Եթե հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատման արդյունքների հիման վրա իրավաբանական անձի պարտավորությունները 1,000,000.00 ՀՀ դրամ գումարի չափով գերազանցում են իր ակտիվների արժեքը, *2. Եթե հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատման արդյունքների հիման վրա իրավաբանական անձի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները (Հարկեր, պարտադիր վճարներ, տուրքեր կամ այլ նման պարտավորություններ) գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը:**Առանձին հիշատակման կարիք ունեն կանխատեսվող և կանխամտածված սնանկությունները։ Առաջին դեպքում պարտապանը իրավունք ունի դիմելու կանխատեսվող սնանկության այն դեպքում, երբ ակնհայտ է, որ ապագայում առաջանալու են կամավոր սնանկության հիմքերը, իսկ երկրորդ դեպքում՝ սնանկությունը համարվում է կանխամտածված, եթե այն վրա է հասնում իրավաբանական անձին վերահսկող անձանց (տնօրեն, մասնակից, բաժնետեր և այլն) մեղքով։ Նման արարքը քրեորեն պատժելի է համարվում, եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս: Բացի այդ՝ կանխամտածված սնանկության համար մեղավոր անձինք պարտատերերի առջև կրում են պատասխանատվություն իրենց գույքով, եթե պարտապանի (իրավաբանական անձի) գույքը չբավարարի պարտատերերի դեմ պարտավորությունները մարելու համար:**Ո՞րոնք են տնտեսության կայուն կառավարման համար իրավաբանական անձի սնանկության վարույթում կիրառվող միջամտությունները**Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից`*1. արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի,*2. դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը,*3. կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով,*4. կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի,*5. վերանում են պարտապանի գույքի վրա դրված արգելանքներն ու սահմանափակումները:*Վերոգրյալից հետևում է, որ պետության կողմից անմիջական ներազդեցության միջոցով պարտապանի համար ստեղծվում են որոշակի պայմաններ ընկերության ֆինանսական առողջացման և կարգապահության բարձրացման համար, որի արդյունքում սնանկ ճանաչված ըկերության բոլոր պարտավորական հարաբերություններից բխող պարտատերերի պահանջները կենտրոնացվում են մեկ վարույթի շրջանակներում և վերջինիս հնարավորություն է ընձեռվում օրենքով սահմանված կարգով կատարելու պարտատերերի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Իսկ սնանկության վարույթի շրջանակներում պարտավորությունների կատարման կարևորագույն գործիքներից է առողջացման ծրագրի ներկայացումը, որով վերջինիս համար հնարավորություն է ընձեռվում ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու միջոցով իրականացնելու շահութաբերություն չապահովող գործունեության դադարեցումը և ձեռնարկատիրական գործունեության ոլորտի փոփոխություն, անշահավետ գործարքների փոփոխում կամ դադարեցում, պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում), նոր բաժնետոմսերի թողարկում կամ հետգնում, ինչպես նաև նոր ներդրումների և(կամ) վարկային միջոցների ներգրավում և այլն։ *Սնանկ ճանաչված իրավաբանական անձի ֆինանսական առողջացումը հանդիսանում է շահավետ նաև վերջինիս առողջացման ծրագրի շրջանակներում ներդրում կատարած տնտեսվարողների համար, քանի որ պարտապանին ֆինանսավորում իրականացրած պարտատիրոջ պահանջները բավարարվում են առաջնահերթության կարգով, Օրինակ՝ պարտապանի սնանկության վարույթում ֆինանսավորում իրականացրած Բանկի, վարկային կազմակերպության կամ այլ ներդրողի պահանջը գերակա է մնացած բոլոր պարտատերերի պահանջներից, ինչն էլ տնտեսական առումով կարող է դիտվել շահավետ ֆինանսավորողի համար զուտ այն հիմնավորմամբ, որ վերջինիս պահանջի բավարարման առաջնահերթությունն ու գերակայությունը սահմանված է օրենքով և բավարարվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտապանի գործունեությունից ստացած զուտ շահույթից (զուտ եկամտից), եթե այլ բան նախատեսված չէ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով կամ ֆինանսավորողի և պարտատերերի գրավոր համաձայնությամբ:*Անհրաժետ է ընդգծել, որ ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն մեկ երրորդին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն մեկ երրորդին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն մեկ երրորդին տիրապետող անձինք: Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներկայացվի մինչև պարտատերերի առաջին ժողովը։*Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 36 ամիսը, եթե օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել: Ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ժամկետը դատարանի կողմից կարող է երկարաձգվել մինչև 12 ամիս ժամկետով, իսկ Ֆինանսական առողջացման ծրագրի ընդհանուր տևողությունը դատարանի կողմից դրա սկզբնական հաստատումից հետո չի կարող գերազանցել 72 ամիսը, իսկ սկզբնական հաստատվող ֆինանսական առողջացման ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել 36 ամիսը։**Ի՞նչ հետևանք է վրա հասնում իրավաբանական անձի սնանկության վարույթում առղջացման անհնարինության դեպքում**իրավաբանական անձի կողմից ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու կամ ներկայացված առողջացման ծրագիրը չհաստատվելու, ինչպես նաև հաստատված առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարման դեպքում սկսվում է ընկերության լուծարային գործընթացը։ *Պարտապան ընկերությանը լուծարելու մասին որոշման հրապարակումից հետո կառավարիչը օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը։ Պարտապանի գույքի վաճառքը իրականացվում է դատարանի որոշման հիման վրա՝ հրապարակային սակարկությունների կամ ուղղակի գործարքի միջոցով։ Դատարանի որոշման հիման վրա արգելադրվում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը, բացառությամբ այն գույքի, որի վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել: Դատարանի որոշմամբ կասեցվում են պարտապանի գույքը կառավարելու կամ տնօրինելու բոլոր իրավունքները։*Իրավաբանական անձին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության: Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:*Ընկերության լուծարման արդյունքում վեջինիս պատկանող և ի ապահովումն վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված գույքերի իրացման արդյուքնում հավաքագրված դրամական միջոցների բաշխման արդյունքում կատարվում են պարտատերերի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ *Այսպիսով՝ սնանկության գործը կարող է ունենալ երկու զարգացում՝ իրավաբանական անձի լուծարում կամ ֆինանսապես առողջացում։ Ընդ որում սնանկ ճանաչված իրավաբանական անձը համարվում Է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը՝ սնանկության վարույթի շրջանակներում դատարանի կողմից հաստատված ֆինանսական առողջացման ծրագրի հաջող կատարման արդյունքում: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում՝ բացառությամբ օրենքով սահմանված որոշ դեպքերի:*Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում էլ սնանկ ճանաչված իրավաբանական անձը չի ազատվում այն պարտավորությունների կատարումից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում, եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում։**Ի՞նչ անել*1. Հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա իրականացնել տնտեսվարող սուբյեկտի պարտավորությունների և ակտիվների հարաբերակցության, վերջինիս սնանկության հատկանիշների և կանխատեսումների գնահատում,*2. Իրավաբանների և ֆինանսական մասնագետներ ներգրավմամբ մշակել առողջացման ծրագիրն ու ռազմավարությունը, *3. Համապատասխան մասնագիտացում ունեցող իրավաբանի ղեկավարմամբ վարել տնտեսվարող սուբյեկտի սնանկության ի վարույթը և իրականացնել վերջինիս շահերի պաշտպանությունը։

JUNE 18, 2020
Publication image
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԺԱՄԱՆԱԿ

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) և դրա տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում գործատու-աշխատող հարաբերություններում ստեղծվել կամ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ աշխատողները գտնվում են պարապուրդի մեջ, ինչը բնականաբար առաջացնում է վերջիններիս իրավունքների և պարտականությունների համակարգման անհրաժեշտություն։ *Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը սահմանում է պարապուրդի ժամանակ գործատու-աշխատող հարաբերությունները, որոնց և առաջարկում ենք ծանոթանալ ստորև։**ի՞նչ է հարկադիր պարապուրդը, արդյո՞ք հարկադիր պարապուրդի ժամանակ գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել աշխատողին։*Պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողը չի իրականացնում կամ չի կարողողանում իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։ Նշվածից հետևում է, որ պարապուրդը կարող է դրսևորվել երկու ձևով՝ աշխատողի մեղքով և ոչ աշխատողի մեղքով (հարկադիր պարապուրդ)։ Ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը: Այսինքն՝ հարկադիր պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կարող իրականացնել իր կամքից անկախ, որոշակի հանգամանքներով պայմանավորված։ *Ինչ վերաբարում է պարապուրդի ժամանակ գործատուի աշխատավարձ վճարելու պարտականությանը, ապա աշխատողի մեղքով կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատողը չի վարձատրվում, իսկ հարկադիր պարապուրդի մնացած դեպքերում օրենսդիրը սահմանել է աշխատանքային հարաբերությունների և վարձատրության հատուկ կարգ։ Այսպես՝ հարկադիր պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար գործատուն աշխատողին պարտավոր է վճարել մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:*Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով աշխատողը կարող է վարձատրվել այն դեպքում, երբ հարկադիր պարապուրդի ժամանակ իրեն չի առաջարկվում իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, իսկ իր համաձայնությամբ ժամանակավորապես իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող և առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում՝ յուրաքանչյուր ժամի համար աշխատողը պետք է վճարվի պարապուրդի ամսվան նախորդող իր ժամային դրույքաչափով:*Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ այն դեպքում, երբ հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը և որակավորմանը, և որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս:**Կարող է արդյո՞ք գործատուն աշխատողին պարապուրդի ժամանակ տեղափոխել այլ աշխատանքի։*Եթե առկա է աշխատողի գրավոր համաձայնությունը, ապա այո՛։ Մասնավորապես՝ պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին նրա գրավոր համաձայնությամբ փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ նա կարող է փոխադրվել նաև այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրա մասնագիտությունը և որակավորումը:*Բացի այդ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ 2020 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ է մտել «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-236-Ն օրենքը, որի արդյունքում Օրենսգրքի 106-րդ հոդվածով գործատուին իրավունք է վերապահվել նաև համաճարակով պայմանավորված անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի և/կամ նույն ժամկետով փոփոխելու վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում), պաշտոնի անվանումը և/կամ աշխատանքային գործառույթները, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ):**Գործատուի կողմից աշխատանքը ապահովելու դեպքում աշխատողի կողմից համաճարակի վտանգով պայմանավորված աշխատանքի չներկայանալու հետևանքը և գործատուի կողմից երկու երրորդի չափով աշխատողին վճարելու պարտականությունից ազատումը։*Այն դեպքում, երբ գործատուն ապահովում է աշխատողի աշխատանքը, սակայն վերջինս համաճարակի վտանգով պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, ապա նշված իրավիճակը չի կարող հանդիսանալ հարկադիր պարապուրդ, քանի որ աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարման անհնարինությունը չի առաջացել գործատուի մեղքով։ Տվյալ իրավիճակում առկա է աշխատանքից բացակայելու փաստը, որը կարող է գործատուի կողմից համարվել հարգելի, իսկ համաճարակի տարածման կանխարգելման և նման իրավիճակներից խուսափելու նպատակով աշխատանքային պարտականությունների կատարումն կարող է իրականացվել հեռավար կարգով։*Վերոգրյալից հետևում է, որ կապված աշատանքի բնույթից պարապուրդը բացառելու և աշխատանքային պայմանագրով կողմերի ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով աշխատանքային պայմանագրերում համապատասխան լրացում կատարելու միջոցով կարող են կարգավորվել աշխատանքային հարաբերությունները։**Արտակարգ դրության ժամանակ աշխատանքային հարաբերությունների և հեռավար կարգով աշխատանքը կազմակերպելու մասին իրավական կարգավորումների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ 18.05.2020 թվականի հրապարակման միջոցով:

JUNE 9, 2020
Publication image
ՏՈՒԺԱՆՔԸ (ՏՈՒԳԱՆՔ, ՏՈՒՅԺ) ՈՐՊԵՍ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու նպատակով պայմանագրի կողմերը միմյանց նկատմամբ հաճախ սահմանում են դրանք չկատարելու որոշակի պատասխանատվության միջոցներ, որոնց առկայությունը միտված է կողմերին ստիպելու ձեռնարկել իրենց պարտավորությունների կատարմանն ուղղված պատշաճ գործողություններ։ Որպես պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք, ի թիվս ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման այլ միջոցների, առանձնահատուկ տարածում ունի տուժանքի (տուգանք, տույժ) կիրառումը։ **Ի՞նչ է տուժանքը **Տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մաս)։ Վերոգրյալից հետևում է, որ պարտավորությունը չկատարելու կամ անպատճաշ կատարելու հետևանքով պարտատերը կարող է պարտապանին ներկայացնել տույժ վճարելու պահանջ։ Այսինքն՝ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու փաստը բավարար պայման է պարտապանին տույժ վճարելու պահանջ ներկայացնելու համար։ Ավելին՝ նման պահանջով հանդես գալու դեպքում պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով իրեն հասցվել է վնաս։ *Անդրադառնալով տուժանք, տույժ և տուգանք հասկացություններին՝ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ օրենսդրությամբ դրանց միջև որևէ հստակ տարանջատում սահմանված չէ, իսկ հիմնական տարբերությունը կայանում է դրանց գործնական կիրառության մեջ, մասնավորապես՝ *1. Տուժանքը և տուգանքը կիրառվում են պարտավորության չկատարման կամ անպատշաճ կատարման դեպում՝ որոշակի տոկոսադրույքի կամ ֆիքսված գումարի չափով փոխհատուցում ստանալու ձևով։ Օրինակ՝ ապրանքը չմատակարարելու դեպքում ապրանքի գնի 10%-ի չափով հատուցում ստանալու կամ գույքը չհանձնելու դեպքում 200,000 ՀՀ դրամ գումար չափով հատուցում ստանալու ձևով։ *2. Տույժը կիրառվում է որոշակի ժամկետի վրա հասնելուց հետո պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում յուրաքանչյուր կետանցված օրվա համար որոշակի տոկոսադրույք հաշվարկելու ձևով։ Օրինակ՝ վարկային պայմանագրով հերթական մարումը չկատարելու դեպքում յուրաքանչյուր կետանցված օրվա համար օրական 0,13%-ի չափով տույժ հաշվարկելու միջոցով։ **Տուժանքի առավելագույն չափը **Տուժանքի առավելագույն չափը սահմանվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 17.12.2017 թվականին ընդունված ՀՕ-319-Ն օրենքով: Մասնավորապես պայմանագրի կողմերի համար սահմանվեց կնքվող պայմանագրերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված տուժանքի առավելագույն սահմանաչափերը նախատեսելու պահանջ։ Այսպես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առ ոչինչ է: Սույն հոդվածով սահմանված տուժանքի առավելագույն չափը պարզելու համար անհրաժեշտ է պարզաբանել «ՀՀ կենտրոնական բանկի տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկ» և «տուժանքի տարեկան առավելագույն չափ» հասկացությունները։ Այսպիսով՝ *1. ՀՀ կենտրոնական բանկի տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը հաշվարկելու համար անհրաժեշտ է պարզել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափը, որը կազմում է 12%, ուստի քառապատիկը կազմում է 48% (12X4=48)։ *2. Տուժանքի տարեկան առավելագույն չափը բացահայտելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կենտրոնական բանկի տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, այն է՝ 48-ը, բաժանել տարվա օրերի (365 կամ 366) ընդհանուր քանակի վրա, որի արդյունքում ստացվում է, որ տուժանքի օրական չափը չի կարող գերազանցել գերազանցել 0,13%-ի սահմանաչափը։12X4=48÷365=0,13% **Ինչ վերաբերում է օրենսդրի այն պահանջին, որ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը, ապա հարկ է արձանագրել, որ թե տուժանքի, թե տուգանքի և թե տույժի կիրառման (այդ թվում միաժամանակյա կիրառման դեպքում) դեպքում հարկավոր է վերոնշյալ բանաձևը կիրառելիս հաշվի առնել պարտապանի պարտավորության չափը և ձեռնպահ մնալ պարտավորության հիմնական գումարի առավելագույն սահմանաչափը գերազանցելուց, քանի որ թույլատրելի առավելագույն սահմանաչափի խախտումը հանգեցնելու է տուժանքի վերաբերյալ համաձայնության առոչնչության, ինչն էլ հիմք է հանդիսանալու պարտապանի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքի 1093-րդ հոդվածով սահմանված անհիմն հարստացման դրույթների կիրառմամբ դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը՝ պարտատիրոջը վճարված տույժերը ետ վերադարձնելու պահանջով։ *Վերոգրյալից հետևում է, որ որ տուժանքը հանդիսանում է պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսում է գույքային անբարենպաստ հետևանքներ՝ դրամական պատասխանատվություն։